Գինգիվիտ
Գրականությունում կարող եք գտնել հետևյալ բնորոշումը. գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի)
բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է
առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը:
Գինգիվիտը լինում է մի քանի տեսակի՝ կատառային,հիպերտրոֆիկ, խոցային-նեկրոտիկ:
Կատառային գինգիվիտ
Ամենատարածվածը կատառային գինգիվիտն է, այս դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան
այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը: Պացիենտը ինքը կարող
է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը:
Հիպերտրոֆիկ գինգիվիտ
Գինգիվիտի երկրորդ տեսակը` հիպերտրոֆիկ գինգիվիտը կատառայինից հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ
գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա: Լինում են հղիների
գինգիվիտ, դեռահասային, շաքարախտային: Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների
չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ:
Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն,
թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում, ինչպես
նաև` ատամնափառ և ատամնաքարեր:
Խոցա-նեկրոտիկ գինգիվիտ
Գինգիվիտի այս տեսակը զարգանում է, այսպես կոչված, <Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի> ֆոնի վրա և դրա
կլինիկական դրսևորումն է հանդիսանում: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է
միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի,
ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:
Գինգիվիտի բուժումը
Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ
մաքրումից մինչև վիրահատական միջամտություն: