Սկսենք ժառանգականությունից: Յուրաքանչյուր մարդ իր բնական ատամների գույնն ունի և այն միշտ չէ, որ
սպիտակ է լինում: Ատամի գույնը պայմանավորված է էմալի և դրա տակ գտնվող դենտինի կառուցվածքից: Որքան
շատ են էմալի կառուցվածքում խանգարումները, այնքան ատամի գույնը մուգ է, քանի որ պիգմենտային նյութերի
կուտակման հնարավորությունը բարձր է: Պիգմենտի քանակն ատամի չվնասված հյուսվածքում յուրաքանչյուր մարդու
մոտ տարբեր է, այդ պատճառով էլ տարբեր են ատամների գույները:
Երկրորդ տեղում մթերքի օգտագործումն է, որը մեծ քանակությամբ պիգմենտային նյութեր է պարունակում (սուրճ,
թեյ, կարմիր գինի, կոկա-կոլա և նման մյուս ըմպելիքները, որոնց մեջ քիմիական ներկանյութեր կան և այլն), ծխելը
(նիկոտինային խեժը շատ ուժեղ պիգմենտային ներկանյութ է): Եթե ատամի հյուսվածքի կառուցվածքը խանգարված
չէ, ապա այդ պիգմենտները կարող են կուտակվել ատամնափառի մեջ և բերանի խոռոչի անբավարար հիգիենայի
դեպքում ատամները տեսողականորեն փոխում են իրենց գույնը:
Երրորդ տեղում ատամի հյուսվածքի զարգացման բնածին խանգարումն է, կամ արտաքին գործոնների ազդեցությամբ
հյուսվածքի ձևավորման խանգարումը: Օրինակ, <տետրացիկլինային> ատամները: Մանկական տարիքում մշտական
ատամի էմալի և դենտինի կառուցվածքի ձևավորման ժամանակ, երեխայի առողջության հետ կապված, նրան կարող
են դեղամիջոցներ նշանակել (հակաբիոտիկներ) տետրացիկլինային շարքից: Եթե բուժումը շատ ակտիվ է
կատարվում, ապա այն, ժամանակի առումով, կարող է համընկնել ատամների ձևավորման հետ և ատամները դուրս
գալուց հետո դրանց վրա կարող են պիգմենտային բծեր և էռոզիաներ լինել:
Պատճառները բազմաթիվ են, բայց մարդու նպատակը մեկն է` գեղեցիկ առողջ ժպիտ: Եթե ատամի կառուցվածքը
վնասված է, գեղեցիկ ժպիտը կարելի է վերականգնել ոչ ինվազիվ (կալցիումի, ֆտորի տարբեր պատրաստուկներ և
այլն) և ինվազիվ (պլոմբներ, վինիրներ և այլն) մեթոդներով: